Եվս հինգ պատգամավոր միացել է «Ժողովրդի ուժ» շարժմանը
Եվս հինգ պատգամավոր միացել է «Ժողովրդի ուժ» շարժմանը

«Վրացական երազանքի» ևս հինգ պատգամավորներ՝ Էկա Սեփաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Դավիթ Կաճարավան, Դաչի Բերայան և Զաալ Միքելաձեն միացել են «Ժողովրդի ուժ» շարժմանը։

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց շարժման անդամ Սոզար Սուբարին։

«Շարժման խորհրդարանական կազմն ընդլայնվում է։ Մասնավորապես, մեր խորհրդարանական թիմին կավելանան հինգ խորհրդարանականներ՝ Էկա Սեփաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Դավիթ Կաճարավան, Դաչի Բերայան և Զաալ Միքելաձեն։ Ընդհանուր առմամբ, մեր շարժումը Վրաստանի խորհրդարանում ներկայացված է լինելու ինը պատգամավորով։ Ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմնում կունենանք երրորդ ամենամեծ քաղաքական խումբը»,- ասաց Սոզար Սուբարը։

Նրա խոսքով, «Ժողովրդի ուժ» շարժմանը միացել են հայտնի փորձագետներ։

«Դրանցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է մեր շարժման համար, և մենք վստահ ենք, որ նրանք իրենց կարևոր ներդրումն են ունենալու երկրում խաղաղության պահպանման և կայուն զարգացման հետ կապված նպատակների իրագործման մեջ։

Ցանկանում ենք տեղեկացնել հասարակությանը, որ մենք ակտիվորեն աշխատում ենք մեր շարժման մարզային ներկայացուցչության ամրապնդման ուղղությամբ։

Եզրափակելով՝ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն նորությունների մասին, որոնց մասին մենք ակտիվորեն խոսում էինք վերջին շաբաթների ընթացքում։ Մեր շարժման անդամ Վիկտոր Ջափարիձեն ձեռք է բերել «Post TV»-ի բաժնետոմսերի 52 տոկոսը։ Այս հանգամանքը կօգնի մեզ էլ ավելի լայնորեն հասցնելու ուղերձը հասարակությանը։

Այսօրվա ամենադժվար միջավայրում Վրաստանը հաջողությամբ ապահովելու և մեր երկրին սպառնացող վտանգներից խուսափելու միակ միջոցը հասարակությանը ճշմարտությամբ զինելն է։ Մենք հավատում ենք, որ ոչինչ չի կարող կանգնել երկրի շահերը պաշտպանելու ճշմարտությամբ հագեցված ժողովրդի ուժի դեմ»,- ասաց Սոզար Սուբարին։