Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև։ Բանաձևի նախագիծը քվեարկության է դրվել այսօրվա լիագումար նիստում։
«Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցություն» վերնագրով նախագիծը հավանության արժանացել 77 պատվիրակներից 68-ի կողմից ։ Յոթը դեմ են քվեարկել, իսկ երկուսը՝ ձեռնպահ։
Բացի այդ, քվեարկությունից առաջ փաստաթղթում մի քանի փոփոխություններ են կատարվել։
Մասնավորապես, փոփոխություններից մեկի համաձայն՝ «Վեհաժողովը մտահոգություն է հայտնում այն տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն Վեհաժողովում Վրաստանի պատվիրակության նախկին անդամները կարող են ենթարկվել քրեական հետապնդման իրենց անդամակցության ընթացքում տրված ձայների կամ իրականացված գործունեության համար։ Վեհաժողովը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ իր անդամները չեն կարող ենթարկվել դատական հետապնդման իրենց գործառույթների իրականացման ընթացքում տրված կամ արտահայտված ձայների համար և կոչ է անում անդամ պետություններին ձեռնարկել բոլոր ջանքերը՝ նման իրադարձությունները կանխելու համար»։
Բանաձևի մնացած կետերը մնացել են անփոփոխ։