Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի խաղերի համար սուբսիդավորվող ավիատոմսերի վաճառքը կսկսվի մինչև այս շաբաթվա վերջ
Վրաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան ուղիղ չվերթերով մեկնել Վրաստանից Գերմանիա՝ ներկա գտնվելու Եվրո-2024-ի խաղերին,- կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում ասել է առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Լևան Դավիթաշվիլիի խոսքով, իր գերատեսչությունն ակտիվորեն աշխատել է այս ուղղությամբ և նախատեսված են սուբսիդավորվող թռիչքներ։
«Վարչապետն արդեն հայտարարություն է արել Եվրո-2024-ի տոմսերի հետ կապված՝ Վրաստանի հավաքականը խաղեր ունի հունիսի 18-ին, 22-ին և 26-ին։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն աշխատել է, որպեսզի մենք գնենք կոնկրետ չարտերային թռիչքներ, և մեր երկրպագուները կարողանան ներկա գտնվել խաղերին։ Մենք աշխատել ենք ավիաընկերությունների հետ, և հավելյալ 3000 երկրպագու կկարողանա ներկա գտնվել Վրաստանի հավաքականի հանդիպումներին»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։
Առաջին փոխվարչապետի պարզաբանմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ կարող են լինել երկրպագուներ, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մեկ, երկու կամ երեք խաղերին, որոշվել է, որ մեկ ուղղության գինը կսահմանվի՝ 195 եվրո, իսկ երկրպագուներն իրենք կորոշեն, թե քանի խաղի ներկա կլինեն և, համապատասխանաբար, որ ամսաթվերին տոմսեր գնեն:
Լեւան Դավիթաշվիլիի խոսքով, այս շաբաթվա վերջից տոմսեր ձեռք կբերվեն ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Քութայիսից։ Սուբսիդավորմամբ միակողմանի տոմսի արժեքը կկազմի համապատասխանաբար 195 եվրո, երկկողմանի տոմսի արժեքը կկազմի 390 եվրո։
«Մենք առաջարկում ենք առավելագույն ճկունություն մեր քաղաքացիներին։ Վրաստանում ձեռք են բերվել մի քանի հազար տոմս, և ինչպես գիտենք, շատ քաղաքացիներ արդեն հասցրել են ավիատոմսեր գնել ինչպես տարանցիկ, այնպես էլ ուղիղ ուղղություններով։ Այստեղ նույնպես ակտիվորեն աշխատել ենք Վրաստանում գործող բոլոր ընկերությունների հետ՝ հնարավորինս ավելացրել են թռիչքները։ Այս ընկերությունների համար էլ որոշակի առավելություններ ունեինք՝ օրինակ «Վիզաիրը» բավականին խնայող փաթեթներ ուներ քաղաքացիներին առաջարկված, և մի շարք հավելյալ չվերթեր ավելացան»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։
Տոմսերի վաճառքը կսկսվի այս շաբաթվա վերջին։ Այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել ֆուտբոլային խաղերի տոմսեր, կկարողանան ձեռք բերել սուբսիդավորվող ավիատոմսեր։