Եվրոպայի առաջնության հետ կապված Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի չարտերային և կանոնավոր չվերթները դեպի Գերմանիա
Եվրոպայի առաջնության հետ կապված Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի չարտերային և կանոնավոր չվերթները դեպի Գերմանիա

Եվրոպայի առաջնության հետ կապված՝ Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի չարտերային թռիչքները Գերմանիայի ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ինչպես գիտեք, խոսքը գնում է ավիատոմսերի սուբսիդավորման մասին, որոնք կապված են Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար նախատեսված թռիչքների հետ։ Հունիսի 18-ին, 22-ին, 26-ին Վրաստանի ազգային հավաքականի հանդիպումները կանցկացվեն համապատասխան ենթախմբում։ Շատ կարևոր է, որ հնարավորինս շատ վրացի երկրպագուներ ներկա գտնվեն այս հանդիպումներին։

Դրա համար կարևոր է ճանապարհորդությունը դարձնել ավելի հեշտ և էժան: Ըստ այդմ, մենք արդեն միջոցներ ենք ձեռնարկել և սուբսիդավորում ենք չարտերային թռիչքները, սուբսիդավորում ենք նշանակումները, սուբսիդավորում ենք մի շարք կանոնավոր չվերթներ։

Այս թռիչքները կհարմարեցվեն համապատասխան ամսաթվերին: Ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Գերմանիա, գերմանական քաղաքներ՝ Դորտմունդ, Համբուրգ, Քյոլն և Դյուսելդորֆ։ Ընդհանուր առմամբ, սուբսիդավորվող տոմսեր կկարողանան ձեռք բերել երեք հազար երկրպագու։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ թռիչքներ կտրամադրվեն շուրջ երկու հազար երկրպագուների, իսկ Քութայիսիի միջազգային օդանավակայանից՝ մոտ մեկ հազար երկրպագուների համար։ Մեկ ճանապարհի գինը սուբսիդավորմամբ կկազմի 195 եվրո, հետևաբար երկու ճանապարհի գինը կլինի 390 եվրո։ Երկրպագուն հնարավորություն կունենա ինքնուրույն կազմել ճամփորդությունների ժամանակացույցը, հարմարեցնել տոմսերը սեփական գրաֆիկին։ Նա կարող է ներկա գտնվել մեկ, երկու կամ երեք հանդիպման և կունենա համապատասխան տոմսեր ձեռք բերելու ճկունություն: Այդ տոմսերը կարող են ձեռք բերել Վրաստանի քաղաքացիները, այն քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել ֆուտբոլային խաղի տոմսեր։ Ավիատոմսը գնելիս պետք է ներկայացնել խաղի համապատասխան տոմսը։ Տոմսերը վաճառքի կհանենք մինչև շաբաթվա վերջ համապատասխան էլեկտրոնային հարթակում։ Այս մասին մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք հանրությանը առաջիկա օրերին։ Այսինքն, մինչև շաբաթվա վերջ բոլոր երեք հազար տոմսերը հասանելի կլինեն վաճառքի էլեկտրոնային հարթակում»,- ասել է Կոբախիձեն։