Եվրոպական խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել Գրանադայում Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո
Եվրոպական խորհուրդը պաշտոնական հայտարարություն է տարածել Գրանադայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառակողմ հանդիպումից հետո։
Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը մասնակցող ԵՄ ղեկավարներն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը` ելնելով Հայաստանի կարիքներից։ Հայտարարության համաձայն՝ նրանք պայմանավորվել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման հետեւանքները։
Նրանք նաև ընդգծել են, որ «փախստականները պետք է իրավունք ունենան վերադառնալու իրենց տները և բնակության վայրերը առանց որևէ պայմանների միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»:
Հայտարարության համաձայն՝ «նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված փոխադարձ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության վրա (Հայաստան՝ 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջան՝ 86,600 քառակուսի կիլոմետր)»։
«Նրանք դուրս են եկել ուժի չկիրառման սկզբունքի խստիվ պահպանման կոչով։ Ընդգծվել է նաև սահմանների սահմանազատման աշխատանքների հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք հանձնվել են կողմերին, ինչը նույնպես պետք է հիմք հանդիսանա ուժերի տարանջատման, խաղաղության համաձայնագրի մշակման ավարտի և մարդասիրական բոլոր հարցերի լուծման համար։
Նրանք կոչ են անում ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների բացման, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ հիմնված հավասարության և երկրների ինքնիշխանության և իրավասության նկատմամբ լիակատար հարգանքի սկզբունքի վրա։
Եվրոպացի առաջնորդները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ինչպես նաև համագործակցել անհայտ կորածների ճակատագիրը պարզելու և ականազերծման աշխատանքները խթանելու համար»,- ասված է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։