Եվրոպական խորհրդարանի դիմաց ֆերմերների բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումները սրվել են, ոստիկանությունը նրանց դեմ ջրցան մեքենաներ և մահակներ է կիրառել
Եվրոպական խորհրդարանի դիմաց ֆերմերների բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումները սրվել են, ոստիկանությունը նրանց դեմ ջրցան մեքենաներ և մահակներ է կիրառել

Եվրոպական միության գագաթնաժողովի անցկացման ընթացքում Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի մոտ, ֆերմերների բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումները սրվել են։

Ցուցարարները ոստիկանների վրա նետել են ծխային ռումբեր, քարեր և կարտոֆիլ, փողոցներում այրել են անվադողեր և այլ իրեր, ջարդել են շենքերի ապակիներ։

Իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ և մահակներ՝ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար։ Կան հաղորդումներ բերման ենթարկվածների և վիրավորների մասին։

Հարյուրավոր ֆերմերներ այսօր Բրյուսել են բերել տրակտորներ և գյուղատնտեսական տեխնիկա՝ արգելափակելով ճանապարհները։ Բրյուսելի ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցի համար տրամադրվել էր 50 տրակտորի թույլտվություն, սակայն իրականում հավաքվել է մոտ հազար միավոր տեխնիկա։

Ֆերմերները դեմ են Եվրոպական միության՝ «Մերկոսուր» բլոկի երկրների հետ (Արգենտինա, Բրազիլիա, Պարագվայ, Ուրուգվայ) նախատեսվող առևտրային համաձայնագրին, որի հարցը քննարկվում է ԵՄ գագաթնաժողովում։

Եվրոպացի ֆերմերները մտավախություն ունեն, որ այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը կհանգեցնի հարավամերիկյան գյուղատնտեսական ապրանքների զանգվածային ներմուծման և կհանգեցնի տեղական արտադրանքի էժանացմանը։