Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է Ուկրաինային 1,59 միլիարդ եվրոյի օգնությունը
Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է Ուկրաինային 1,59 միլիարդ եվրոյի օգնությունը՝ ենթակառուցվածքների վերականգնման և կարևորագույն նախագծերի վերականգնման համար։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
Գումարը հատկացվել է Եվրոպական ներդրումային բանկի արագ արձագանքման ծրագրի շրջանակներում։ Նշված ծրագրի շրջանակներում սա արդեն երկրորդ օգնության փաթեթն է, որը հատկացվում է Ուկրաինային։ Առաջին 668 միլիոնն օգնությունն արդեն ստացել է:
Հատկացված 1,59 միլիարդ եվրոյից 1,05 միլիարդը Ուկրաինան անմիջապես կստանա, և այդ գումարը պետք է օգտագործվի առաջին հերթին վնասված ենթակառուցվածքների վերականգնման և էներգետիկայի ոլորտում արտակարգ միջոցառումների համար։ Մնացած 540 միլիոնը կծախսվի Ուկրաինայում էներգետիկայի, էներգաարդյունավետության, ճանապարհների, տրանսպորտի և կրթության ոլորտներում՝ Եվրոպական ներդրումային բանկի նախագծերի վրա։