Եվրոպական միությունը Ուկրաինային կտրամադրի 1.9 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն

19:56, 09.05.2025

Եվրոպական միությունը Ուկրաինային կտրամադրի 1.9 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այս որոշմանը Լվով կատարած այցի ընթացքում՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ միասին, պաշտոնապես աջակցել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ինչպես գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ալիքում, այդ 1.9 միլիարդ եվրոյի օգնությունը կտրամադրվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։

«Սա պատմական որոշում է, քանի որ Ուկրաինայի համար զենքը ձեռք կբերվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով», – գրել է Շմիգալը։

Նրա խոսքով՝ այդ գումարից մեկ միլիարդ եվրոն կուղղվի զենքի գնումների «դանիական մոդելով», այսինքն՝ Ուկրաինայի տեղական արտադրողներից։

«Այս կերպ մենք ոչ միայն ուժեղացնում ենք մեր պաշտպանունակությունը, այլև խթանում ենք տնտեսությունն ու նորարարությունները մեր պաշտպանաարդյունաբերական համալիրում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դանիային, Ֆրանսիային, Նիդեռլանդներին և Իտալիային, որոնք կիրականացնեն ուկրաինական զենքի գնումներ մեկ միլիարդ եվրոյի սահմաններում», – նշել է Շմիգալը։

Բացի այդ, ավելի քան 600 միլիոն եվրո կուղղվի հրետանու և զինամթերքի, իսկ 200 միլիոն եվրո՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման համար։

Հիշեցնենք, «դանիական մոդելը» Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման ֆինանսավորման մեխանիզմ է, որը գործում է 2024 թվականի ապրիլից։ Այն ենթադրում է Դանիայի կառավարության կողմից ուկրաինական պաշտպանական ձեռնարկությունների ֆինանսավորում։ Ուկրաինան ներկայացնում է ընկերությունների ցանկ, իսկ դանիացի մասնագետները ստուգում են այդ կազմակերպություններին՝ գնահատելով դրանց կարողություններն ու փորձը պայմանագրերի կատարման գործում։

Նմանատիպ