Եվրոպական կենտրոնական բանկը մեկ քառորդ կետով իջեցրել է իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 2.25 տոկոսի

22:31, 17.04.2025

Եվրոպական կենտրոնական բանկը մեկ քառորդ կետով իջեցրել է իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 2.25 տոկոսի։ Եվրոպական կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում յոթերորդ անգամ իջեցրել է տոկոսադրույքները։

Ավանդների, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների և մարժինալ վարկավորման տոկոսադրույքները կնվազեն համապատասխանաբար մինչև 2.25 տոկոս, 2.40 տոկոս և 2.65 տոկոս։

Հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը բանկերը վճարում են Եվրոպական կենտրոնական բանկից վարկ վերցնելիս։

«Եվրոգոտու տնտեսությունը որոշակի դիմադրողականություն է ձեռք բերում համաշխարհային ցնցումների նկատմամբ, սակայն աճի հեռանկարը վատթարացել է առևտրային լարվածության աճի պատճառով։ Անորոշության աճը, հավանաբար, կնվազեցնի տնային տնտեսությունների և ընկերությունների վստահությունը, մինչդեռ առևտրային լարվածությանը շուկայի անբարենպաստ և անկայուն արձագանքը, հավանաբար, կխստացնի ֆինանսավորման պայմանները», – ասվում է Եվրոպական կենտրոնական բանկի հայտարարության մեջ։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ բանկի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով առաջացած համաշխարհային առևտրային լարվածությունը սպառնում է եվրոգոտու աճին։

Դոնալդ Թրամփը ներկայումս 10 տոկոսանոց մաքսատուրք է սահմանել ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա և սպառնացել է ավելի բարձր՝ 20 տոկոսանոց մաքսատուրքով։ Բացի 10 տոկոս բազային հարկից, Թրամփը 25 տոկոս մաքսատուրք սահմանեց ԱՄՆ առաքվող բոլոր ալյումինե և պողպատե արտադրանքի վրա, ինչպես նաև 25 տոկոս մաքսատուրք՝ ավտոմեքենաների վրա։

Նմանատիպ