Եվրոբանկը Բակուրիանիում ծառայությունների բարելավման համար հատկացրել է 5 մլն եվրոյի վարկ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Բակուրիանիի մունիցիպալիտետում ծառայությունների բարելավման համար հատկացրել է 5 մլն եվրոյի վարկ:
Ինչպես հրապարակված է Եվրոբանկի կայքէջում, մունիցիպալիտետում նախատեսված է գնել նոր քաղաքային տրանսպորտ, ինչպես նաև՝ բազմաֆունկցիոնալ ծանր տեխնիկա, այդ թվում, ձյունամաքրման տրանսպորտային միջոցներ:
«Այս գումարով կգնվի հատուկ տրանսպորտային միջոցներ, այդ թվում, ձյան մաքրման, ինչպես նաև, բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաներ և 10 միավոր ժամանակակից քաղաքային տրանսպորտ, որն առավել հարմարավետ կդարձնի ուղևորությունը»,- նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից հրապարակված տեղեկության մեջ:
Բացի այդ, Եվրոբանկը նշում է, որ Բակուրիանին լեռնադահուկային լավագույն հանգստավայրերից է, որը հայտնի է կլիմայով և բնական միջավայրով:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխանցմամբ, նշված ֆինանսական ինստիտուտը Վրաստանում արդեն իրականացրել է 3.8 մլրդ եվրո ներդրում՝ 252 նախագծում: