Եվրախորհուրդ – Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով դիտորդները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում գործող առաքելությունից, առաքելությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի դա չազդի Վրաստանում մոնիտորինգի վրա
Եվրոպական խորհուրդը որոշել է Եվրամիության 40 դիտորդներ ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկուցելու համար։ Նշված որոշումը խորհուրդն ընդունել է հոկտեմբերի 6-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումից հետո։
Խորհրդի հայտարարության համաձայն՝ սահմանի երկայնքով դիտորդների տեղակայումն ուղղված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ձևավորմանը և երկու կողմերի միջև միջազգային սահմանի սահմանազատմանը:
Եվրամիության դիտորդների արագ տեղակայումն ապահովելու նպատակով Եվրոպական խորհուրդը որոշել է Հայաստան-Ադրբեջան սահմանով ժամանակավորապես ուղարկել Վրաստանում գործող Եվրամիության դիտորդական առաքելության մոնիտորինգի փորձագետներ։ Եվրոպական միության դիտորդական առաքելությունը գործառնական միջոցներ է կիրառում, որպեսզի դա չազդի Վրաստանում իր մոնիտորինգի հնարավորությունների վրա։
Ըստ Խորհրդի, դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կրելու է ժամանակավոր բնույթ և չի տևի երկու ամսից ավելի։
Բացի այդ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով, Եվրամիության կողմից Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով 40 մոնիտորինգի փորձագետների տեղակայումը նպատակ ունի վստահություն ստեղծել անկայուն իրավիճակում, որը, ըստ Բորելի, վտանգի տակ է դնում մարդկային կյանքերը և սպառնում հակամարտության կարգավորման գործընթացին։
«Սա ևս մեկ ապացույց է, որ Եվրամիությունը ցանկանում է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերջնական նպատակին», – ասել է Ջոզեֆ Բորելը: