Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում բոլոր կողմերին զբաղեցնել իրենց տեղերը նոր խորհրդարանում և չխաթարել դրա ժողովրդավար գործունեությունը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում բոլոր կողմերին զբաղեցնել իրենց տեղերը նոր խորհրդարանում և չխաթարել դրա ժողովրդավար գործունեությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեն մտահոգված է, որ ընդդիմությունը բոյկոտել է Վրաստանի նոր խորհրդարանը:

Տարեկան զեկույցում նշվում է, որ Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններում հայտնաբերվել են թերություններ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեն Վրաստանին կոչ է անում լիարժեք և թափանցիկ հետաքննել 2020 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում շեղումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները:

Վեհաժողովը նաև կոչ է անում բոլոր քաղաքական կուսակցություններին զբաղեցնել իրենց տեղերը նոր խորհրդարանում և չխաթարել դրա ժողովրդավարական գործունեությունը:

Ըստ զեկույցի, չնայած անցած տարվա մարտին ընտրական համակարգը փոխելու վերաբերյալ իշխանության ու ընդդիմության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, Վրաստանում քաղաքական մթնոլորտը բեւեռացված է և հակասական: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նշում է, որ, ըստ «Միջազգային դիտորդական առաքելության» և տեղական դիտորդների, խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, պաշտպանված էին հիմնարար ազատությունները, իսկ կուսակցությունները ազատ էին քարոզչություն ծավալելու հարցում:

Զեկույցում խոսվում է վարչական ռեսուրսների օգտագործման և քարոզչության ֆինանսավորման թույլ կանոնակարգերի մասին, չնայած նշվում է նաև, որ խախտումները չէին կարող ազդել ընդհանուր արդյունքի վրա:

«Ցավոք, ընդդիմադիր կուսակցությունները, որոնք խոսում էին լայնամասշտաբ կեղծիքների մասին, հայտարարեցին, որ բոյկոտելու են երկրորդ փուլը և նոր խորհրդարանը: Սա հատկապես ցավալի է, եթե հաշվի առնենք, որ այս ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների արդյունքները նրանց ամուր դիրքեր կտան խորհրդարանական վերահսկողություն իրականացնելիս: Խորհրդարանը քաղաքականություն և քննարկում վարելու վայր է, ուստի վեհաժողովը անընդհատ դեմ է խորհրդարանական բոյկոտներին: Երկրի շահերից ելնելով, բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է արվում ստանալ պատգամավորական մանդատներ», – ասված է զեկույցում:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցում նշվում է նաև Վրաստանի բռնազավթված տարածքների մասին: Ըստ զեկույցի, Վրաստանի բռնազավթված շրջաններում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում իրավիճակը վատթարանում է Ռուսաստանի սողացող օկուպացիայի պատճառով, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Զեկույցում նշվում է նաև, որ Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքի և բռնազավթված շրջանների միջև շփումը գործնականում անհնար է:

«Սա ունի ծանր հումանիտար հետևանքներ, քանի որ այս երկու շրջանների բնակիչների համար դժվարանում և անհնար է դառնում Վրաստանի մնացած մասում դպրոցական կամ (անհետաձգելի) բժշկական պատճառներով վարչական սահմանը հատելը», – ասվում է զեկույցում: