Եվրախորհրդի նախարարների կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքը կազմակերպությունում
Ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի զինված հարձակման՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի ներկայացուցչությունը կազմակերպությունում։
Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Ռուսաստանին կասեցվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչության հնարավորությունը:
«Եվրախորհրդի կարգավիճակի համաձայն՝ նախարարների կոմիտեն այսօր որոշում է կայացրել կասեցնել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչությունը նախարարների կոմիտեում և խորհրդարանական վեհաժողովում», – ասվում է հայտարարության մեջ։
Այդուհանդերձ, հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրախորհրդի անդամ և Եվրախորհրդի կոնվենցիաների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից: Ըստ նույն հայտարարության՝ ներկայացուցչության իրավունքի կասեցումը ժամանակավոր միջոց է, և Եվրախորհուրդը բաց է թողնում հաղորդակցության ուղիները։