Եվրախորհրդարանը համաձայնել է չճանաչել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված շրջաններում տրված ճամփորդական փաստաթղթերը
Եվրախորհրդարանը համաձայնել է չճանաչել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված շրջաններում տրված ճամփորդական փաստաթղթերը։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 540 պատգամավոր, վեցը դեմ են եղել, իսկ 36-ը ձեռնպահ են մնացել։
Ակտի վերջնական տարբերակը կբանակցվի Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի միջև։ Երկու կառույցների կողմից հաստատվելուց և Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի։
Եվրախորհրդարանի անդամները նշում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապոռոժյեի անեքսիան անօրինական է։ Եվրախորհրդարանը նաև նշում է, որ Եվրամիությունը դատապարտել է Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական շրջանների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Ըստ այդմ՝ ԵՄ անդամ երկրները և Եվրոպական տնտեսական տարածքի դաշնակիցներն այլևս չպետք է ընդունեն նշված տարածաշրջաններում Ռուսաստանի կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը։
Եվրախորհրդարանի անդամները քննարկել են նաեւ Խորհրդի նախաձեռնությամբ ներդրվելիք փոփոխությունները։ Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ, պատգամավորները ցանկանում են ընդգծել, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի փախչել Ուկրաինայում շարունակվող հակամարտությունից և մարդասիրական նկատառումներով մտնել Եվրամիություն։