Եվրախորհրդարանը Գիորգի Ռուռուային ազատ արձակելը համարում է մարտի 8-ի համաձայնագրի մաս, եթե կատարվեն բոլոր պայմանները ապա ընդիմությունը պատրաստ է աջակցել փոփոխություններին. Սալոմե Սամադաշվիլի
«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին արձագանքել է Եվրախորհրդարանում Վրաստանին վերաբերող հայտարարություններին:
Նրա խոսքով, պարզ է, որ Եվրախորհրդարանը Գիորգի Ռուռուային ազատ արձակելը համարում է մարտի 8-ի համաձայնագրի մաս:
«Մենք տեսանք ուղիղ կոչ, որ Գիորգի Ռուռուան անհապաղ ազատվի բանտից: Բացի այդ, իհարկե, Վրաստանում ժողովրդավարական գործընթացներն ունեն հսկայական աջակցություն, այդ թվում սահմանադրական փոփոխությունների, որոնք պետք է իրականացվեն մարտի 8-ի համաձայնագրի շրջանակներում», – ասել է Սամադաշվիլին:
Ազգային շարժման անդամի խոսքով, եվրոպացի գործընկերները խիստ անհանգստացած են երկրում դատական համակարգի անկախության հիմնախնդրով:
«Իրականում դա նախազգուշացում և կարմիր քարտ էր Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանի ներկայիս իշխանություններին:
Սա մատնանշում է, որ երկրում պետք է ավարտվի քաղաքական հետապնդումները, քաղաքական դրդապատճառներով արդարադատությունը, և ազատ արձակվի Գիորգի Ռուռուան, ով ձերբակալված է անհիմն մեղադրանքով, ինչպես դա հայտարարել են ԱՄՆ-ի սենատում:
Հետևաբար, այս ուղերձը ամբողջությամբ ուղղված է իշխանություններին»,- նշել է Սամադաշվիլին, հավելելով, որ ընդդիմությունն իր հերթին պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխություններին, եթե կատարվեն բոլոր պայմանները: