Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ անդամ երկրներին թույլ տալ Ուկրաինային Ռուսաստանում օրինական թիրախների դեմ օգտագործել արևմտյան զենքեր
«Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ անդամ երկրներին թույլ տալ Ուկրաինային Ռուսաստանում օրինական թիրախների դեմ օգտագործել արևմտյան զենքեր», -այս մասին ասված է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում։
Բանաձևին աջակցել է 425 պատգամավոր, դեմ՝ 131-ը, ձեռնպահ է մնացել 63 եվրոպացի օրենսդիր։
Բանաձևի տեքստում ասվում է, որ առանց զենքի կիրառման սահմանափակումները չեղարկելու՝ Ուկրաինան չի կարող լիովին օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից և խոցելի է մնում իր բնակչության և ենթակառուցվածքների վրա հարձակումներից։ Խորհրդարանի անդամները նշում են, որ ռազմական օգնության անբավարար մատակարարումը և դրանց օգտագործման սահմանափակումը բացասաբար կանդրադառնա մինչ այժմ գործադրվող ջանքերի վրա։
Բացի այդ, պատգամավորները կոչ են անում ԵՄ անդամ երկրներին կատարել 2023 թվականի մարտին ստանձնած պարտավորությունը Ուկրաինա մեկ միլիոն արկ մատակարարելու վերաբերյալ և արագացնել զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ սարքավորումների մատակարարումը։
Բանաձևում Եվրախորհրդարանի անդամները նաև կոչ են անում ԵՄ երկրներին պահպանել և ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի, Բելառուսի և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների և ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանին ռազմական և տեխնոլոգիական օգնություն են տրամադրում:
Եվրախորհրդարանի անդամները նշում են, որ դատապարտում են Իրանի կողմից բալիստիկ զենքի մատակարարումը Ռուսաստանին և պահանջում են խստացնել պատժամիջոցները Թեհրանի և Փհենյանի դեմ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը և նրա անդամ երկրներին ակտիվորեն աշխատել Ուկրաինային միջազգային աջակցությունն ուժեղացնելու և պատերազմի խաղաղ կարգավորման ուղիներ սահմանելու ուղղությամբ։ Միաժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ հակամարտության կարգավորման ցանկացած ճանապարհ պետք է հիմնված լինի Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։