Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել իր կախվածությունը ադրբեջանական գազից
Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել իր կախվածությունը ադրբեջանական գազից՝ պատճառաբանելով այն վտանգը, որ Ադրբեջանից Եվրամիություն գազի ներկրման ավելացումը կարող է նշանակել Բաքվի կողմից ռուսական գազի ներկրում։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև խնդրում են Եվրահանձնաժողովին կասեցնել 2022 թվականին Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։
Այսօր ընդունված բանաձեւում ասվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են ադրբեջանական ռեժիմի կողմից ակտիվիստների, լրագրողների, ընդդիմության առաջնորդների և այլոց, այդ թվում՝ Եվրամիության քաղաքացիների ներքին և արտատարածքային ճնշումները, որոնք զգալիորեն ուժեղացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովից առաջ, որը նախատեսված է նոյեմբերի 22-ին Բաքվում։
Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են կլիմայի համաժողովի անցկացման հետ և կոչ են անում Եվրամիության առաջնորդներին, օրինակ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, օգտագործել հավաքը որպես առիթ՝ խոսելու խնդիրների մասին:
Բացի այդ, բանաձևում ասվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագիրը պետք է պայմանավորվի Բաքվի կողմից քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, իրավական բարեփոխումների իրականացմամբ, երկրում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի բարելավմամբ և Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին իրական նվիրվածությամբ:
Եվրոպական միության խորհրդարանը կոչ է անում անդամ երկրներին սառեցնել բոլոր ռազմական և անվտանգության սարքավորումների արտահանումը Ադրբեջան, և որ Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունները Հայաստանի դեմ լուրջ հետևանքներ կունենան։
Բանաձեւն ընդունվել է 453, դեմ՝ 31, ձեռնպահ՝ 89 ձայներով։