Եվրախորհրդարանը 2023 թվականի Սախարովի անվան մրցանակը շնորհել է Ջինա Մահսա Ամինին և Իրանի կանանց «Կին, կյանք, ազատություն» շարժմանը
Եվրախորհրդարանը 2023 թվականի Սախարովի անվան մրցանակը շնորհել է Ջինա Մահսա Ամինին և Իրանի կանանց «Կին, կյանք, ազատություն» շարժմանը։ Մրցանակի դափնեկրի անունը Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Սեպտեմբերի 16-ին մեկ տարի է անցել Իրանում Ջինա Մահսա Ամինի սպանությունից։ Եվրախորհրդարանը հպարտորեն կանգնած է խիզախ և անզիջում մարդկանց կողքին, ովքեր շարունակում են պայքարել Իրանում հավասարության, արժանապատվության և ազատության համար։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր նույնիսկ բանտից շարունակում են աջակցել «կանանց, կյանքին և ազատությանը»։ Ընտրելով նրանց Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկիրներ՝ Եվրախորհրդարանը հիշում է նրանց պայքարը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր ամենաբարձր գինն են վճարել ազատության համար»,- ասել է Մեցոլան։
22-ամյա քուրդ իրանցի Մահսա Ամինը անցած սեպտեմբերին Թեհրանում ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից՝ հիջաբ կրելու համար: Ձերբակալության ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո երիտասարդ կինը հիվանդանոցում մահացել է։ Նրա մահվանը հաջորդեցին Իրանում բողոքի զանգվածային ցույցերը՝ «Կին, կյանք, ազատություն» կարգախոսով։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում, 2023 թվականի դեկտեմբերի 13-ին։
Խորհրդային գիտնական և այլախոհ Անդրեյ Սախարովի անվան պատվավոր մրցանակը իրավապաշտպաններին և այլախոհներին շնորհվում է 1988 թվականից։
Տեղեկության համար, Նինո Լոմջարիան և «Վրացի ժողովուրդը՝ հանուն մտքի ազատության» առաջադրվել են Սախարովի անվան մրցանակի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի (ECR Group) կողմից։