Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելուն աջակցելու մասին
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելուն աջակցելու մասին

Մոլդովայում կայացած նստաշրջանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելուն աջակցելու մասին։

Վեհաժողովը ողջունում է 2022 թվականի հունիսի 23-ին Եվրահանձնաժողովի կողմից ընդունված պատմական որոշումը Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ և ընդգծում է, որ բոլոր երեք երկրներն էլ ԵՄ ընդլայնման քաղաքականության մաս են կազմում։

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները Ուկրաինայում և հարգել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, ինչը կարևոր է եվրոպական անվտանգության ապահովման համար։

«Այսօր Արեւելյան գործընկերության տարածաշրջանում նոր իրողություն է: Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հեռանկար ունեն, և կարևոր է արդյունավետ քայլեր ձեռնարկել բոլոր երեք երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ Այդ իսկ պատճառով Խորհրդարանական վեհաժողովը պետք է հստակորեն աջակցի այս գործընթացին և Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը», – բանաձեւի նախագիծը ներկայացնելիս ասել է Եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին։

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության ներդրումը Եվրամիության ընդհանուր անվտանգության և բարեկեցության գործում և ընդգծում բոլոր երեք երկրների Եվրամիությանը ինտեգրման կարևորությունը կայունության և անվտանգության ապահովման համար:

2023 թվականի փետրվարի 19-21-ը Քիշնևում կայացել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, որին Եվրախորհրդարանի անդամների հետ միասին մասնակցել են Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանի անդամները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։