Եվրամիությունը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը կքննարկի դեկտեմբերի 14-15-ը
Եվրամիությունը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը կքննարկի դեկտեմբերի 14-15-ը

Եվրոպական խորհուրդն այսօր և վաղը կհավաքվի Բրյուսելում և կքննարկի ընդլայնման փաթեթը, որը ներառում է 10 երկիր։ Ընդլայնման փաթեթը վերաբերում է Վրաստանին ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տալուն, Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրների հետ անդամակցության բանակցություններ սկսելուն։

Որոշումը պետք է ընդունեն Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները՝ կոնսենսուսի հիման վրա։ Եվրոպական խորհուրդը վերջնական որոշումը կհրապարակի երկօրյա գագաթնաժողովի ընթացքում։

Դեկտեմբերի 12-ին ԵՄ գագաթնաժողովից առաջ հանդիպել են ԵՄ անդամ երկրների արտաքին և եվրոպական գործերի նախարարները։ Եվրամիության Նախարարների խորհրդի ընդլայնման վերաբերյալ եզրակացության մեջ ասվում է, որ «Խորհուրդը հաշվի է առնում Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նոյեմբերի 8-ի զեկույցը, նրա հանձնարարականը և անհամբեր սպասում է այդ հարցի քննարկմանը»։

Միաժամանակ երեկ Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձեւին, որով Եվրամիության խորհրդին կոչ է արվում Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու դրական հանձնարարականով։

Տեղեկության համար՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին անդամակցության պաշտոնական դիմումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։