Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների դեմ ապակայունացնող գործողությունների համար
Եվամիությունը հաստատել է նոր մեխանիզմը, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի կողմից ԵՄ անդամ երկրների, միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների դեմ ապակայունացնող գործողությունների համար։ Այս մասին տեղեկություն է տարածում Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Տեղեկությունների համաձայն՝ Եվրամիությունն այսուհետ հնարավորություն կունենա դիմակայելու Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքներին։ Դրանք ներառում են ընտրական գործընթացների և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խաթարում, տնտեսական գործունեության կամ կարևոր ենթակառուցվածքի դեմ դիվերսիա, համակարգված ապատեղեկատվական արշավներ, տեղեկատվության մանիպուլյացիա և վնասակար կիբեր գործողություններ, միգրանտների օգտագործումը որպես գործիք և այլն:
Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ի պատասխան նման գործողությունների՝ Եվրամիությունը իրավունք կունենա սառեցնել կոնկրետ անձանց ակտիվները, իսկ Եվրամիությունում գործող ընկերություններին կարգելվի համագործակցել պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ։ Բացի այդ, Եվրամիություն մեկնելու սահմանափակումներ կարող են կիրառվել նաև ֆիզիկական անձանց համար։