Եվրամիությունը նախնական համաձայնության է եկել արհեստական ինտելեկտի կարգավորման մասին օրինագծի շուրջ
Եվրամիությունը նախնական համաձայնության է եկել արհեստական ինտելեկտի կարգավորման մասին օրինագծի շուրջ։
«BBC»-ի փոխանցմամբ՝ 36 ժամ տեւած բանակցությունների արդյունքում Եվրամիության խորհուրդը, Եվրահանձնաժողովը եւ Եվրախորհրդարանը համաձայնության են եկել արհեստական ինտելեկտը կարգավորող կանոնների շուրջ։
Սա կլինի աշխարհում առաջին իրավական դաշտը, որը կարգավորում է արհեստական ինտելեկտի օգտագործումը։
Եվրախորհրդարանը հաջորդ տարվա սկզբին կքվեարկի օրենսդրական նախաձեռնության համար, թեև օրենսդրությունն ուժի մեջ չի մտնի առնվազն մինչև 2025 թվականը:
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը նախաձեռնությունը պատմական է անվանել, որը հստակ կանոններ է սահմանում արհեստական ինտելեկտի օգտագործման համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի մասին օրենքը կօգնի տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք չեն սպառնում քաղաքացիների անվտանգությանն ու իրավունքներին։
Արհեստական ինտելեկտի կիրառման կանոնների մշակման ուղղությամբ աշխատանքներ են սկսել նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։