Եվրամիությունը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում այսպես կոչված տարածաշրջանային ընտրությունների անցկացումը միջազգային իրավունքի և Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է
Եվրամիությունը գնահատում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված այսպես կոչված տարածաշրջանային ընտրություններով խախտել է միջազգային իրավունքը և Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության խոսնակի հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի իշխանությունները կազմակերպում են տարածաշրջանային և տեղական ընտրություններ, այդ թվում՝ ապօրինի անեքսիայի ենթարկված Ղրիմում, մասնավորապես՝ Սևաստոպոլ քաղաքում։ ԵՄ-ը չի ճանաչում ո՛չ այսպես կոչված «ընտրությունները» և ո՛չ էլ դրանց արդյունքները օկուպացված տարածքներում։ Սա միջազգային իրավունքի, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հերթական խախտումն է։
Ռուսաստանի ներխուժումից և Ղրիմը ապօրինի անեքսիայի ենթարկելու փորձից ավելի քան տասը տարի անց, ԵՄ-ը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Ղրիմը Ուկրաինայի տարածք է։ Հենվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2014 թվականի մարտի 27-ի բանաձևի վրա, մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի ազգային միասնության և տարածքային ամբողջականության խախտման բոլոր փորձերը։ ԵՄ-ը հայտնում է իր անսասան աջակցությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիայի պատերազմին դիմակայելու գործում և վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայում համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հաստատումը», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում տարածաշրջանային ընտրություններ անցկացվում են սեպտեմբերի 12-14-ը։