Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ, որը նախատեսված է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ:
Պատժամիջոցները ներառում են առաջնային ալյումինի ներմուծման արգելք։ Դիվանագետների խոսքով՝ ԵՄ-ն նաև կներառի 73 նավ, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս են կազմում: Այսպիսով, նավերի ընդհանուր թիվը կհասցվի 153-ի։ Պատժամիջոցների համաձայն՝ նրանց արգելվում է մուտք գործել ԵՄ նավահանգիստներ և օգտվել ԵՄ ծառայություններից։ Հնարավոր կլինի նաեւ սեւ ցուցակում ներառել «ստվերային նավատորմի» նավերի սեփականատերերին ու շահագործողներին, այդ թվում՝ կապիտաններին։
Բացի այդ, նոր պատժամիջոցները կանջատեն 13 ռուսական բանկ SWIFT էլեկտրոնային համակարգից և կդադարեցնեն ութ ռուսական լրատվամիջոցների հեռարձակման լիցենզիաները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 16-րդ փաթեթով նախատեսված արգելքը կարող է ազդել նաև PlayStation և Xbox խաղային կոնսուլների ներմուծման վրա Ռուսաստան։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը ակնկալվում է պաշտոնապես հաստատել փետրվարի 23-ին, երբ Բրյուսելում կհանդիպեն ԵՄ ԱԳ նախարարները։