Եվրամիությունը ադրբեջանական և հայկական ուժերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցել
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածում։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Եվրամիությունը ադրբեջանական և հայկական ուժերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Եվրամիությունն ասում է, որ լուծում գտնելու համար անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ վայրերում։ Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են զոհերի ու վիրավորների։
Անհրաժեշտ է դեէսկալացիա անել, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցային լուծումներ գտնելու համար։
Եվրամիությունը հավատարիմ է մնում լարվածության թուլացմանն աջակցելուն և Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար իր ներգրավվածությունը շարունակելուն»,- ասված է Եվրամիության արտաքին գործերի ծառայության խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։
Այսօր ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Լեռնային Ղարաբաղում բախումներ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի ստորաբաժանումների միջեւ, կան զոհեր։