Եվրամիության ներկայացուցչությունն իր ցավակցությունն է հայտնում Գուդաուրիում ողբերգականորեն զոհվածների ընտանիքներին և ընկերներին
Եվրամիության ներկայացուցչությունն իր ցավակցությունն է հայտնում Գուդաուրիում ողբերգականորեն զոհվածների ընտանիքներին և ընկերներին

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

«Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը ցավակցում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ողբերգականորեն զոհված անձնակազմի քաջարի անդամների, փրկարարների և բուժաշխատողների ընտանիքներին և ընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 29-ին Գուդաուրիի մերձակայքում երկու մարդ պարապլանով թռչելիս ընկել է ժայռոտ լանջին։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվըլ է սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որը միջոցառման ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ, ինչպես նաև ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության երկու փրկարար և Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի երկու բուժաշխատող։ Ինչպես հայտնել է վթարի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ զոհվել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկը, ում փրկության համար տարվում էին փրկարարական աշխատանքները։ Բացի այդ, պարապլանիստի ընկնելու հետևանքով վիրավորված մեկ մարդ տեղափոխվել է կլինիկա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցական նամակում նշել է, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում սգո օր է հայտարարվել։