Եվրամիության դեսպանները պայմանավորվել են, որ Վրաստանի և Ուկրաինայի անջատողական շրջաններում տրված ռուսական անձնագրերը չեն ընդունվի վիզայի և Շենգենյան գոտու սահմանները հատելու համար

15:13, 12.10.2022

Եվրամիության դեսպանները պայմանավորվել են Վրաստանի և Ուկրաինայի անջատողական շրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը չընդունելու մասին։

Ըստ Եվրամիության՝ դիվանագետները համաձայնության են եկել Եվրախորհրդարանի հետ բանակցությունների մանդատի շուրջ, ինչը պատասխան է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված ռազմական ագրեսիային և վրացական տարածքների, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշմանը։

Որոշման համաձայն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Վրաստանի անջատողական տարածքներում օկուպացված շրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը չեն ընդունվի վիզա ստանալու կամ Շենգենյան գոտու սահմանները հատելու համար։

«Ապօրինի կերպով միացնելով Ուկրաինայի շրջանները՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր բացահայտ անտեսումը կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ։ Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի և Վրաստանի՝ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար իրավունքների խախտումը։ Եվրամիությունը միասնական և ամուր կանգնած է երկու երկրների և նրանց ժողովրդի կողքին»,- ասված է Եվրամիության հայտարարության մեջ։

Եվրամիության հայտարարության համաձայն՝ այս տարածաշրջաններում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերն այլևս չեն ճանաչվում կամ գտնվում են Եվրամիության անդամ երկրների կողմից ճանաչման փուլում։ Այս որոշումը նպատակաուղղված է միասնական մոտեցման հաստատմանը, արտաքին սահմանների պատշաճ գործունեության և ընդհանուր վիզային քաղաքականության ապահովմանը և Եվրամիության անդամ երկրների անվտանգության պաշտպանությանը։

Ելնելով այս մանդատից՝ Եվրամիության նախագահող երկիրը պատրաստ է քննարկումներ սկսել Եվրախորհրդարանի հետ

Նմանատիպ