«Եվրակտիվ»՝ Եվրամիությունն աշխատում է երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակման լայնածավալ ծրագրի վրա
Եվրամիությունն աշխատում է երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակելու մասշտաբային ծրագրի վրա. այս մասին գրում է «Եվրակտիվ»-ը (Euractiv)։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես կներկայացնի սեպտեմբերի 16-ին՝ իր ամենամյա ուղերձի ժամանակ։
Դեռևս հայտնի չէ, թե տարիքային ինչ նվազագույն շեմ կսահմանվի սոցիալական մեդիայից օգտվելու համար և ինչպես է վերահսկվելու կարգավորման գործադրումը։ Նախնական տեղեկություններով՝ Եվրամիության անդամ երկրներում քննարկվում են մի քանի այլընտրանքային մոդելներ, այդ թվում՝ ծնողների պարտադիր համաձայնության գործընթացը, ինչպես նաև տարիքի հաստատման խիստ համակարգերի ներդրումը։
Ի գիտություն՝ 2024 թվականին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն օրենսդրական մակարդակով արգելեց մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը։ Նմանատիպ սահմանափակումների ընդունումը քննարկում է նաև Միացյալ Թագավորությունը։ Եվրամիության անդամ պետություններից անչափահասների համար սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումն ազգային մակարդակով արդեն իսկ ծրագրում են Ֆրանսիան և Իսպանիան։