Եվրահանձնաժողովում հայտարարում են, որ սպասում են քայլերի՝ Կիևից գյուղմթերքների ներմուծման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար
Եվրահանձնաժողովը Կիևից սպասում է գյուղմթերքների ներմուծման վերահսկողությունը խստացնելու քայլերին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Միրիամ Գարսիա Ֆերերը։
«Մենք բանակցում ենք Ուկրաինայի հետ, որ առաջիկա 30 օրվա ընթացքում ներդնեն գյուղմթերքի արտահանման համար անհրաժեշտ համակարգը։ Նաև Կիևում ասում են, որ պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու, որ ուկրաինական գյուղմթերքի արտահանումը ԵՄ չի ավելանա։ Այսօր մենք կունենանք ևս մեկ հանդիպում համակարգման հարթակի շրջանակներում, որտեղ կքննարկենք դա, և Ուկրաինան կներկայացնի Կիևի ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև գործողությունների ծրագիրը»,- ասել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։
Տեղեկության համար՝ սեպտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ ուկրաինական գյուղմթերքի արտահանման սահմանափակումները չեն երկարաձգվի՝ պայմանով, որ Կիևը սահմանափակող միջոցներ կձեռնարկի արտահանման նկատմամբ։
Չնայած դրան, Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան որոշել են միակողմանի սահմանափակումներ մտցնել ուկրաինական գյուղմթերքի ներմուծման համար։ Կիևում ասում են, որ այս երկրներին դատի են տալու Առևտրի համաշխարհային կազմակերպությունում։