Եվրահանձնաժողովի փոխնախագահը Երեւան է ժամանել՝ Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը սկսելու համար
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտի Շկինասը ժամանել է Երևան՝ սկսելու Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտի Շկինասին, Հայաստանի նախագահի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոայնի հետ Հայաստան-ԵՄ գործընկերներության և վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսություն սկսելու նպատակով։
Ինչպես նշվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բացումը ԵՄ-ի և նրա անդամ երկրների ուժեղ ուղերձն է՝ ամրապնդելու առանց այն էլ ամուր գործընկերությունը միջև։
«Այս երկխոսության նպատակն է վերացնել Հայաստանի քաղաքացիների համար վիզային պարտավորությունները ԵՄ կարճատև այցերի համար այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները էական բարեփոխումներ իրականացնեն այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանը, միգրացիան և ապաստանի կառավարումը, հասարակական կարգը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես նշում է ԵՄ պատվիրակությունը, երրորդ երկրների հետ փորձը ցույց է տվել, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու։