Եվրահանձնաժողովի նախագահը Հունգարիայի վարչապետի հետ անձամբ կքննարկի ռուսական նավթի էմբարգոն
Եվրահանձնաժողովի նախագահն անձամբ է Հունգարիայի վարչապետի հետ քննարկում ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու հարցը։ Այս մասին հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մամուլի քարտուղարը։
«Նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կմեկնի Հունգարիա՝ հանդիպելու վարչապետ Օրբանի հետ։ Նրանք կքննարկեն էներգակիրների մատակարարման եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահի ներկայացուցիչը։
Ինչպես հայտնի է, Հունգարիան չի պաշտպանում Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ռուսական նավթի նկատմամբ լիակատար էմբարգո կիրառելու վերաբերյալ։
Այսօր Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն ասել է, որ Բուդապեշտը չի փոխել իր դիրքորոշումն այս հարցում։
«Մենք չենք պաշտպանի պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը, քանի որ այն խնդիր է ստեղծում Հունգարիայի համար և չի պարունակում առաջարկ, որը կլուծեր այս խնդիրը», – ասել է Հունգարիայի արտգործնախարարը։
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, ներառյալ ռուսական նավթի ամբողջական էմբարգոն: Մի քանի երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, Սլովակիան և Բուլղարիան, համաձայն չեն առաջարկի հետ՝ նշելով, որ երկար ժամանակ կպահանջվի ռուսական նավթից իրենց կախվածությունը նվազեցնելու համար:
Եվրահանձնաժողովը որոշ զիջումներ է առաջարկել Հունգարիային և Սլովակիային և հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ապահովելու, որ այդ երկրները մինչև 2023 թվականը ռուսական նավթի վրա էմբարգո սահմանելու պարտավորություն չունենան։ Այնուամենայնիվ, Հունգարիան դեռ հրաժարվում է աջակցել պատժամիջոցների վեցերորդ փաթեթին։