Եվրահանձնաժողովը, Եվրոպայում ֆերմերների բողոքի ֆոնին, հետաձգեց հողերի վերաբերյալ նոր կանոնակարգի ընդունումը
Եվրահանձնաժողովը, Եվրոպայում ֆերմերների բողոքի ֆոնին, հետաձգեց հողերի վերաբերյալ նոր կանոնակարգի ընդունումը

Եվրահանձնաժողովը, Եվրոպայում ֆերմերների բողոքի ակցիաների ֆոնին, հետաձգել է հողերի վերաբերյալ նոր կանոնակարգի ընդունումը։ Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականը վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կանոնակարգին, որը եվրոպացի ֆերմերներին պարտավորեցնում է իրենց հողերի չորս տոկոսը թողնել անմշակ՝ կենսաբազմազանությունը պահպանելու համար:

Հանձնարարականում ասվում է, որ այս կանոնը չպետք է ուժի մեջ մտնի մինչև հաջորդ տարի: Ինչպես ասաց Շրջակա միջավայրի պահպանության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, այս քայլը կօգնի գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցներին այն դժվարին ժամանակաշրջանում, որը նրանք պետք է անցնեին։

«Վերջին ամիսներին և տարիներին եվրոպացի ֆերմերները ենթարկվել են բազմաթիվ կողմերի ճնշման, կլիմայի փոփոխությանը՝ զուգորդված աշխարհաքաղաքական ցնցումների և էներգակիրների գների աճի հետ: Այժմ գնդակը Եվրամիության անդամ երկրների դաշտում է, որոնք պետք է որոշեն՝ իրականություն դարձնե՞լ մեր հանձնարարականը, թե՞ ոչ»,- ասել է եվրահանձնակատարը։

Ի գիտություն, ֆերմերների բողոքի ակցիաներն այսօր շարունակվում են Ֆրանսիայում և Բելգիայում։ Գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցները բողոքում են Եվրամիության բնապահպանական նոր կանոնակարգերի դեմ, որոնք մեծացնում են ֆինանսական ճնշումն ու թանկացնում ապրանքները։ Միաժամանակ եվրոպացի ֆերմերները պահանջում են սահմանափակել սննդամթերքի ներմուծումը Ուկրաինայից և ԵՄ անդամ այլ երկրներից։ Ըստ նրանց՝ այդ երկրները պարտադիր չէ, որ համապատասխանեն եվրոպական կանոնակարգերին կամ չափանիշներին, ուստի իրենց արտադրանքը Եվրոպայում էժան են վաճառում։