Եվրահանձնաժողովը նշում է, որ Ուկրաինան և Մոլդովան համապատասխանում են անդամակցության բանակցություններ սկսելու բոլոր չափանիշներին, մինչդեռ Հունգարիայի դիրքորոշման պատճառով դեռ որոշում չի կայացվել
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Պիսոներոյի խոսքով՝ Ուկրաինան և Մոլդովան համապատասխանում են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու բոլոր չափանիշներին։
«Մենք հաստատում ենք, որ Եվրահանձնաժողովը գտնում է, որ Մոլդովան և Ուկրաինան կատարել են բոլոր պահանջները։ Այժմ որոշումն ընդունելի է ԵՄ անդամ երկրների համար և նրանք պետք է հաստատեն անդամակցության բանակցությունների շրջանակը։ Հենց այս քայլն արվի, ԵՄ նախագահության իրավասությունն է հրավիրել միջկառավարական համաժողով՝ պաշտոնապես սկսելու բանակցությունները Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին միանալու վերաբերյալ»,- ասել է Աննա Պիսոներոն Եվրահանձնաժողովում ճեպազրույցում։
Ինչպես պարզաբանել են Եվրահանձնաժողովում, Ուկրաինայի դեպքում կատարված չափանիշները ներառում էին կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունների ընդունումը, հակաօլիգարխական գործողությունների ծրագրի շրջանակներում քաղաքական լոբբինգի նկատմամբ վերահսկողության խստացումը, պաշտոնյաների ունեցվածքի թափանցիկության ապահովումը և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։ Մոլդովայի դեպքում այսպես կոչված Վետինգի արդյունքում Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների նշանակումը, ինչպես նաև նոր գլխավոր դատախազի ընտրությունը, որը, ըստ Եվրահանձնաժողովի, եղել է թափանցիկ և արժանիքների վրա հիմնված գործընթաց, ինչպես նաև Հակակոռուպցիոն բյուրոյի բարեփոխմանն ուղղված քայլերը՝ ապաօլիգարխացման առումով լրացուցիչ քայլեր ձեռնարկելով։
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ շրջանակի հաստատումը պահանջում է ԵՄ անդամ 27 երկրների համաձայնությունը։ Ինչպես հայտնի է, Հունգարիան դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հունգարիայի հակազդեցության պատճառով ԵՄ անդամ երկրների դեսպանները չեն կարողացել հաստատել Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ շրջանակը։ Ըստ անանուն աղբյուրների՝ Հունգարիան հայտարարում է, որ կան նախապայմաններ, որոնք պետք է կատարվեն։
«Հունգարիան կրկին հիշեցրեց 11 հարց, կարդաց երկու ուղղում, որոնք պետք է ներառվեն բարիդրացիական հարաբերությունների և էթնիկ փոքրամասնությունների բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև նշեց, որ Եվրամիությունը պետք է առաջ շարժվի Սերբիայի և Ալբանիայի անդամակցության գործընթացում։ Մյուս անդամ բոլոր երկրների դեսպանները բարձրաձայն և հստակորեն պաշտպանում են Եվրահանձնաժողովի գնահատականը և մերժում են նոր պայմանների առաջադրումը։ Մենք բոլորս աջակցում ենք հունիսի 25-ին կայանալիք միջկառավարական համաժողովին»,- ասել է անանուն աղբյուրը։
Ինչպես հայտնի է, ԵՄ դեսպանները հաջորդ շաբաթ կանդրադառնան Ուկրաինայի ու Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցին։