Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր 21-րդ փաթեթը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ պատժամիջոցները վերաբերում են չորս ոլորտների՝ էներգետիկա, ֆինանսական ոլորտ և կրիպտոարժույթներ, առևտուր և ձկնորսություն։

Փաթեթը նախ պետք է միաձայն հաստատվի ԵՄ խորհրդի կողմից։

Ինչպես գրում է Եվրոակտիվը, էներգետիկ ոլորտում հիմնական նպատակը Ռուսաստանի նավթային եկամուտների սահմանափակումն է։ ԵՄ-ն սահմանել է ռուսական նավթի առավելագույն գին։ Այս գինը պարբերաբար ճշգրտվում է՝ կախված շուկայից, սակայն Հորմուզի նեղուցի փակումը ցնցել է նավթի շուկան, որի համար այս մեխանիզմը նախատեսված չէր։ Հետևաբար, ԵՄ-ն կդադարեցնի ճշգրտումը մինչև հունվար՝ շուկային կայունանալու ժամանակ տալու համար։

Բացի այդ, նոր փաթեթի համաձայն՝ «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների ցանկին կավելացվի ևս 30 նավ, այժմ պատժամիջոցների տակ է 632 նավ։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև այն նավերին, որոնք ծառայություններ են մատուցում «ստվերային նավատորմին», ինչպես նաև նավահանգիստներին, օդանավակայաններին և նավթավերամշակման գործարաններին։ Ֆինանսական պատժամիջոցների ցանկին կավելացվի ևս 31 ռուսական բանկ։

ԵՄ-ն առաջին անգամ լիակատար արգելք կսահմանի կրիպտոակտիվների հետ կապված ծառայությունների նկատմամբ երրորդ երկրների համար, եթե դրանք սպասարկեն պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կազմակերպություններին։

Առևտրային սահմանափակումները, ի թիվս այլ բաների, կկիրառվեն նաև ռուսական ռազմական արդյունաբերության մեջ օգտագործվող մետաղների և համաձուլվածքների նկատմամբ։ Բացի այդ, առևտրային սահմանափակումներ կկիրառվեն նաև Բելառուսի նկատմամբ։ Պատժամիջոցների նոր փաթեթն առաջին անգամ կսահմանափակի ռուսական ձկնամթերքի ներմուծումը։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ փաթեթը պետք է հաստատվի մինչև հուլիսի 15-ը։