Եվրահանձնաժողովը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության նոր ռազմավարությունը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության նոր ռազմավարությունը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության նոր ռազմավարությունը, որը ֆինանսավորվելու է 2025-2027 թվականներին ԵՄ բյուջեից 1,5 միլիարդ եվրոյով, հայտնում է «Reuters»-ը։

Նոր ռազմավարությունը կոչ է անում ԵՄ 27 անդամ երկրներին միասին գնել իրենց պաշտպանական տեխնիկայի առնվազն 40 տոկոսը:

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերական պատրաստվածությունը բարձրացնելու համար անդամ երկրները պետք է ավելի շատ, ավելի լավ, համատեղ եվրոպական ներդրումներ իրականացնեն։

«Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագիրը նոր օրենսդրական նախաձեռնություն է, որը մեզ կտեղափոխի կարճաժամկետ, ճգնաժամային արձագանքման ռեժիմից ավելի կառուցվածքային և երկարաժամկետ մոտեցման», – ասվում է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը նաև փորձում է օգնել եվրոպական պաշտպանական արդյունաբերությանը ավելի լավ պատրաստվել ընթացիկ և պոտենցիալ մարտահրավերներին, ինչպիսիք են մեծ քանակությամբ հրետանային զինամթերքի պահանջարկի կտրուկ աճը: