Եթե ԱՄՆ-ը չի կատարի խոստումը, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողությունը. Ռեջեփ Թայիփ Էրդողան

14:04, 22.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, այն դեպքում, եթե հրադադարի մասին համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո Միացյալ Նահանգները չեն կատարի խոստումը, Անկարան կվերսկսի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջանում:

Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սոչի մեկնելուց առաջ:

Թուրքիայի նախագահի հայտարարությամբ, քրդերի ժողովրդական պաշտպանության ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է հեռանան այսպես կոչված անվտանգության գոտուց:

Հիշեցնենք, հոկտեմբեր 21-ին, «Ռոյթերս» գործակալությունը տարածել էր Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում նա ասում էր, որ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելյան մասում անհրաժեշտ քայլեր կձեռնարկեր Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սոչիում տեղի է ունենալու այսօր: Հենց այսօր է ավարտվում ԱՄՆ-ի միջնորդությամբ հնգօրյա հրադադարի պայմանագրի ժամկետը:

Հիշեցնենք, պաշտոնական Անկարան, Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում քրդերի դեմ ռազմական գործողությունը սկսել էր հոկտեմբերի 9-ին: Հոկտեմբեր 17-ին, Անկարայում, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի նախագահի միջև կայացած հանդիպումից հետո, Թուրքիայի իշխանությունները հայտարարել են հնգօրյա հրադադարի մասին: Պայմանավորվածության համաձայն, քուրդ զինվորականները 120 ժամում պետք է լքեին 30 կիլոմետրանոց գոտին: Թուրքիայի իշխանությունների պնդմամբ, եթե քրդական զինված միավորումները չեն լքի տարածքը, ապա Անկարան կվերսկսի ռազմական գործողությունը:

Նմանատիպ