Ես խնդրեցի ուղիղ ասեն, որ մեկ, երկու, հինգ տարի հետո կմտնեք ՆԱՏՕ, կամ պարզապես ասեք «ոչ», պատասխանը պարզ էր, դուք չեք դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դուռը բաց է մնալու. Վոլոդիմիր Զելենսկի
Եթե Ուկրաինան լիներ ՆԱՏՕ-ի անդամ, պատերազմը չէր սկսվի,- այս մասին «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկին միևնույն ժամանակ նշել է, որ երախտապարտ է ՆԱՏՕ-ին միջամտությունից հետո ցուցաբերած օգնության համար։
«Եթե մենք ՆԱՏՕ-ի անդամ լինեինք, պատերազմը չէր սկսվի։ Ես ուզում էի իմ երկրի, իմ ժողովրդի անվտանգության երաշխիքներ ստանալ։ Եթե ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են մեզ տեսնել դաշինքում, ապա դա պետք է անեն անմիջապես, քանի որ մարդիկ ամեն օր մահանում են։ Այնուամենայնիվ, եթե դուք պատրաստ չեք պաշտպանել մեր ժողովրդի կյանքը, եթե ուզում եք մեզ տեսնել երկու աշխարհների միջև կանգնած, եթե ուզում եք մեզ տեսնել այս անորոշ վիճակում, երբ մենք չենք հասկանում՝ կարող եք ընդունել մեզ, թե ոչ. Դուք չեք կարող մեզ նման վիճակի մեջ դնել, չեք ստիպի լինել այս անորոշության մեջ»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Նրա խոսքով, դաշինքի ներկայացուցիչներին խնդրել են հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը Ուկրաինայի անդամակցության և ժամկետների վերաբերյալ։
«Ես անձամբ խնդրել եմ նրանց ուղիղ ասել, որ մեկ, երկու կամ հինգ տարի հետո ձեզ կընդունենք ՆԱՏՕ, ուղղակի ուղիղ և հստակ ասեք, կամ պարզապես ասեք «ոչ»: Պատասխանը շատ պարզ էր՝ դուք չեք դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դուռը բաց կմնա»,- ասել է Զելենսկին։