Երևանում կայացել է Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Վրաստանի փոխվարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլու գլխավորությամբ վրացական պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում մասնակցել է Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին:
Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը անցկացվել է հունիսի 26-ին և 27-ին: Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական, առևտրական, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հարցերը: Ինչպես նաև, լսել են երկու երկրների ներկայացուցիչների թեմատիկ զեկույցները: Հանձնաժողովի աշխատանքին մասնակցել են Վրաստանի և Հայաստանի էկոնոմիկայի, արտաքին, առողջապահության, մշակույթի, բնապահպանության նախարարությունների, առևտրաարդյունաբերական պալատի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայաստանի կողմից հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վրաստանի և Հայաստանի փոխվարչապետները իրենց խոսքում ընդգծել են երկկողմ համագործակցության տեսանկյունից առկա ներուժը լիովին կիրառելու անհրաժեշտությունը և 8-ամյա դադարից հետո հանձնաժողովի աշխատանքի վերսկսման նշանակությունը:
Մայա Ցքիտիշվիլին զրուցել է Վրաստանում վերջին ժամանակաշրջանում իրականացված փոփոխությունների, երկրի ձեռքբերումների, ձեռնտու ներդրումային և առևտրային միջավայրի ներուժի մասին:
«Երկու օրվա ընթացքում քննարկել ենք բազմաթիվ կարևոր թեմաներ և հարցեր: Բավականին ծանր և արդյունավետ աշխատանք են տարել երկու երկրների փորձագետները, որի արդյունքում, տարբեր ուղղություններով, համաձայնեցվել են մեր երկրների միջև ապագա համագործակցության կարևորագույն հարցերը»,- հայտարարել է փոխվարչապետը:
Մայա Ցքիտիշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներին՝ տարած աշխատանքի և նախատեսված միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի փոխվարչապետը հաջորդ միջկառավարական հանձնաժողովն անցկացնելու համար 2020 թվականին Հայատանի պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել է Վրաստան: Միջկառավարական հանձնաժողովի ձևաչափում, հունիսի 28-ին կայացել է Հայաստան-Վրաստանի գործարար-համաժողովը, որին ներկա է գտնվել երկու երկրների մոտ 200 բիզնեսի ներկայացուցիչ: