Ենթակառուցվածքների նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամն սկսում է Ռուսթավիի կենտրոնական այգու նախագծումը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամն սկսում է Ռուսթավիի պատմական հանգստի գոտու նախագծումը։
Նախարարության տեղեկացմամբ՝ հիմնադրամը համապատասխան պայմանագիր է կնքել մրցույթում հաղթած ընկերության հետ։
«Նախագծումը կիրականացվի երեք փուլով, որոնցից հիմնական նախագծային աշխատանքները կկատարվեն I և II փուլերում, իսկ III փուլը նախատեսում է հեղինակային հսկողության իրականացում շինարարության ընթացքում։
Ռուսթավիի կենտրոնական այգու նախագիծը պետք է ներառի մանկական և սպորտային գոտիներ, բասկետբոլի հրապարակ, թարմացված սքեյթ-պարկ, լճի ափամերձ գոտու ենթակառուցվածքներ և հանգստի տարածքներ։ Պետք է պահպանվեն և բարելավվեն փառատոնային տարածքները, ծրագրվի ամֆիթատրոնի վերականգնումը, հեծանվային, վազքի և հետիոտնային արահետների ցանցը, լճի և կղզու վրայով անցնող կամուրջները, լրացուցիչ տրանսպորտային կապերը և թիավարության դպրոցի հարևանությամբ նոր նավամատույցի կառուցումը։
Բացի այդ, թարմացված այգում պետք է տեղակայվեն մշակութային և կրթական տարածքներ, այդ թվում՝ բաց բեմեր, տաղավարներ և միջոցառումների հրապարակներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսթավիի բերդ-ամրոցի ինտեգրմանը հանգստի գոտու հետ և հնագիտական տարածքի ներկայացմանը։ Ընդ որում, Ռուսթավիի կենտրոնական այգու թարմացման ժամանակ պետք է հաշվի առնվի նրա եզակի պատմական և մշակութային ինքնության պահպանումն ու ներկայացումը։
Նախագծի համաձայն՝ պետք է թարմացվեն նաև անվտանգության, լուսավորության, ոռոգման և դրենաժային համակարգերը։ Նախագիծը նախատեսում է աղբի տեսակավորում, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում, էկոնյութերի Ներդրում և տարածքի կանաչապատում տեղական բուսատեսակներով», — նշված է ենթակառուցվածքների նախարարության տարածած տեղեկատվության մեջ։