ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել են Սպիտակ տանը։ ՆԱՏՕ-ի կայքում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ենս Ստոլտենբերգը Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2024 թվականին դաշինքի եվրոպացի անդամների ևԿանադայի պաշտպանական ծախսերը կավելանան 18%-ով։
«Այսօր մենք կարող ենք նոր թվեր հրապարակել պաշտպանական ծախսերի վերաբերյալ։ Դաշինքի 23 անդամներ այս տարի պաշտպանության վրա կծախսեն իրենց ՀՆԱ-ի երկու և ավելի տոկոսը։ Սա ավելի քան կրկնակի է, քան չորս տարի առաջ և ցույց է տալիս, որ դաշինքի եվրոպացի անդամները և Կանադան իսկապես ակտիվանում են՝ ստանձնելով պատասխանատվության իրենց բաժինը՝ պաշտպանելու մեզ բոլորիս ՆԱՏՕ-ի դաշինքում»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։
Ենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին Ուկրաինայի հետ նրա «ուժեղ համերաշխության» համար և ողջունել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության տասնամյա համաձայնագիրը։
Ինչպես նշել է Ստոլտենբերգը, որքան ուժեղ լինի դաշնակիցների աջակցությունը Ուկրաինային, «այնքան շուտ կարող է ավարտվել պատերազմը»։
Մյուս կողմից, ըստ Սպիտակ տան, Ջո Բայդենը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու քայլերը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մեկշաբաթյա այցով գտնվում է Ամերիկայում։ Նա կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և սենատորների հետ։ Այս շաբաթվա չորեքշաբթի Ստոլտենբերգը կմեկնի Կանադայի մայրաքաղաք Օտտավա, որտեղ կհանդիպի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Այնուհետեւ Ստոլտենբերգը կվերադառնա Վաշինգտոն եւ կհանդիպի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։