Ենս Ստոլտենբերգ. Ես ընդունում եմ, որ մեր որոշ պատժամիջոցներ ունեն համաշխարհային հնչեղություն, եվրոպացիները վճարում են դրա գինը, բայց դա այն գինն է, որը մենք պետք է վճարենք ազատության համար
Բոլոր մարտահրավերները, որոնց մենք այժմ բախվում ենք, կապված են Ուկրաինայի պատերազմի հետ։ Սա դաժան պատերազմ է Պուտինի կողմից Եվրոպայում անկախ և ինքնիշխան պետության դեմ,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայացած ֆորումում։
Նրա խոսքով, խնդիրները հաղթահարելու ամենահեշտ ճանապարհը Ուկրաինայում պատերազմի ավարտն է։
«Վլադիմիր Պուտինն է պատասխանատու համաշխարհային էներգետիկ շուկաներում, սննդամթերքի համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի համար։ Այս խնդիրները հաղթահարելու ամենադյուրին ճանապարհը պատերազմին վերջ տալն է, Պուտինի կողմից իր զորքերը Ուկրաինայից դուրս բերելը և ինքնիշխան, անկախ պետության վրա հարձակումը դադարեցնելը»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգի խոսքով՝ պատերազմն է պարենային ապրանքների գների հետ կապված խնդիրների պատճառը և այն, որ դժվար է Ուկրաինայից ցորեն և պարենամթերք արտահանել։
Այնուամենայնիվ, Ենս Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մի մասը համաշխարհային հնչեղություն ունի, և դրա գինը վճարում են եվրոպացիները, թեև Ստոլտենբերգն ասել է, որ դա այն գինն է, որ իրենք պետք է վճարեն ազատության համար։
«Մենք պետք է հիշենք, որ այն մարտահրավերը, որին մենք բախվում ենք պարենային ապրանքների գների և Ուկրաինայից ցորենի արտահանման առումով, պայմանավորված չէ մեր տնտեսական պատժամիջոցներով։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատժամիջոցներ չեն կիրառել ցորենի արտահանման համար։ Ուկրաինայից ցորենի և պարենի արտահանման դժվարության պատճառը պատերազմն է։ Ես նաև ընդունում եմ, որ մեր որոշ պատժամիջոցներ, որոնք մենք կիրառել ենք ռուսական արդյունաբերության և ֆինանսական հատվածի նկատմամբ, ունեն համաշխարհային հնչեղություն, այդ թվում՝ էներգետիկ շուկաներում։ Դրա գինը վճարում են եվրոպացիները, ՆԱՏՕ-ի անդամները և ԱՄՆ-ը։ Մենք չենք կարող դա հերքել, բայց դա շատ ավելի ցածր գին է, քան եթե Պուտինը ուժ կիրառելով հասնի իր ուզածին անկախ պետության դեմ։ Սա այն գինն է, որը մենք պետք է վճարենք ազատության համար՝ կանոնների վրա հիմնված աշխարհում կարգուկանոն պահպանելու և համոզվելու համար, որ Պուտինը դասեր կքաղի, որ նա չի պարգևատրվի նման բռնի ռազմական ուժ կիրառելու համար»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։