Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինայում պատերազմը թևակոխում է կրիտիկական փուլ, մեր միասնությունն ու համերաշխությունը լուրջ փորձության կենթարկվեն
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը թևակոխում է կրիտիկական փուլ, և գալիք ձմեռը փորձություն կլինի Ուկրաինայի կողմնակիցների համար։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է «Financial Times»-ում հրապարակված հոդվածում։
«Ուկրաինայի պատերազմը թևակոխում է կրիտիկական փուլ։ Ձմեռը գալիս է և դժվար է լինելու։ Դժվար է լինելու ուկրաինացի ժողովրդի և նրա ազատության համար պայքարող զինված ուժերի և բոլորիս համար, ովքեր աջակցում են նրանց։ Մեր միասնությունն ու համերաշխությունը լրջորեն փորձության կենթարկվեն, քանի որ ընտանիքներն ու բիզնեսները կզգան էներգակիրների գների և կյանքի արժեքի կտրուկ աճը, որը պայմանավորված է Ռուսաստանի դաժան ներխուժմամբ»,- գրել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նշել է, որ առաջիկա վեց ամիսները կարող են լինել բարդ՝ էլեկտրաէներգիայի անջատումների, խափանումների և, հնարավոր է, քաղաքացիական անկարգությունների սպառնալիքով։
«Ուկրաինայի ապագայի և մեր ապագայի համար մենք պետք է պատրաստվենք ձմեռային պատերազմին, մնանք մեր ուղղում և դիմադրենք բռնակալությանը: Եթե Ռուսաստանը դադարեցնի պայքարը, խաղաղություն կլինի: Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Մենք պարտավոր ենք աջակցել այս անկախ ժողովրդավարությանը Եվրոպայի կենտրոնում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։