Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և այդ իրավունքը սահմանին չի ավարտվում
Ենս Ստոլտենբերգ. Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և այդ իրավունքը սահմանին չի ավարտվում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի շրջան օրինական է և Կիևի ինքնապաշտպանության իրավունքի մի մասն է։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Սա Ենս Սթոլթենբերգի առաջին մեկնաբանությունն է ուկրաինական զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում իրականացված հարձակման վերաբերյալ։

«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և, միջազգային իրավունքի համաձայն, այդ իրավունքը չի ավարտվում սահմանի վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Սթոլթենբերգը նաևհայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նախնական տեղեկություն չի ունեցել Ուկրաինայի ծրագրերի մասին և որևէ դեր չի խաղացել դրանցում։ Մինչ այդ նմանատիպ հայտարարություններ էին արել նաև այլ արևմտյան քաղաքական գործիչներ։

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ղեկավարը կարծում է, որ Ուկրաինան վտանգի տակ է Կուրսկի օպերացիայի պատճառով, սակայն, ըստ նրա, Կիևն ինքը պետք է որոշի, թե ինչպես վարի ռազմական գործողություններ։

«Նախագահ Զելենսկին հստակ հայտարարեց, որ գործողությունը նպատակ ունի ստեղծել բուֆերային գոտի՝ կանխելու ռուսական հետագա հարձակումները։ Ինչպես բոլոր ռազմական գործողությունները, այս մեկն էլ կապված է ռիսկերի հետ, բայց դա Ուկրաինայի որոշումն է՝ ինչպես պաշտպանվել իրեն»,- ասել է Ստոլտենբերգը։