Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը կփորձի գրավել Դոնբասը և ցամաքային սահման ստեղծել օկուպացված Ղրիմի հետ, սա պատերազմի վճռորոշ փուլն է, ՆԱՏՕ-ն ձգտում է ապահովել Ուկրաինայի կիբերանվտանգությունը
Մենք բոլորս տեսանք Բուչայում և մինչև վերջին օրերը ռուսական զինված ուժերի կողմից վերահսկվող այլ վայրերում սպանված խաղաղ բնակիչների լուսանկարները։ Սա անտանելի դաժանություն է, որի ականատեսը Եվրոպան չի եղել երկար տասնամյակներ շարունակ,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Ըստ Ստոլտենբերգի՝ խաղաղ բնակչության թիրախավորումն ու սպանությունը ռազմական հանցագործություն է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է բացահայտվեն բոլոր փաստերը, և պատասխանատվության ենթարկվեն ոճրագործությունների բոլոր մեղավորները։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աջակցում են հետաքննությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Միջազգային քրեական դատարանի միջոցով։ Ուկրաինայի զինված ուժերը վճռականորեն դիմադրում են՝ հետ վերցնելով տարածքներ ռուս զավթիչներից և ստիպելով Ռուսաստանին փոխել իր ռազմական պլանները, թեև Մոսկվան չի հրաժարվել Ուկրաինայում իր հավակնություններից: Մենք այժմ տեսնում ենք ուժերի զգալի տեղաշարժ Կիևից՝ վերախմբավորվելու, վերազինվելու և կենտրոնացումը դեպի արևելք տեղափոխելու համար», – ասել է Ստոլտենբերգը։
Նա ասել է, որ առաջիկա շաբաթներին սպասվում է ռուսական նոր հարձակում Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածների վրա:
«Առաջիկա շաբաթներին մենք ակնկալում ենք Ռուսաստանի հետագա հարձակումները Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներում։ Նրանք կփորձեն ամբողջությամբ վերցնել Դոնբասը և ցամաքային սահման ստեղծել օկուպացված Ղրիմի հետ։ Սա պատերազմի վճռորոշ փուլն է, և քանի որ Ուկրաինան կանգնած է այս նոր գրոհի առջև, ՆԱՏՕ-ի արտգործնախարարները քննարկում են հետագա անելիքները, և դաշնակիցները վճռական են ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ներառյալ հակատանկային զենքերը, հակաօդային համակարգերը և այլն: Դաշնակիցներն ավելացրել են նաև մարդասիրական և ֆինանսական օգնությունը։ ՆԱՏՕ-ն նաև ձգտում է կիբերանվտանգության աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և սարքավորումներ տրամադրել՝ քիմիական և կենսաբանական սպառնալիքներից պաշտպանելու համար»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։