Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանը, հնարավոր է, ծրագրում է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ծրագրել քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։ Նա ասաց, որ նման քայլը ռազմական հանցագործություն կլինի:
«Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ենս Ստոլտենբերգն ասել է գերմանական «Welt am Sonntag» հրատարակությանը տված հարցազրույցում։
«Վերջին օրերին մենք անհեթեթ հայտարարություններ ենք լսում քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ Կրեմլը կեղծ պատրվակներ է ստեղծում՝ արդարացնելու այն, ինչ հնարավոր չէ արդարացնել։
«Հիմա, երբ այդ կեղծ հայտարարություններն արվել են, մենք պետք է զգույշ լինենք, քանի որ հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը ծրագրում է քիմիական զենք կիրառել այս ստի տակ։ Դա կլինի ռազմական հանցագործություն»,- ասել է նա։