Ենս Ստոլտենբերգ. Պուտինը թույլ է տվել առնվազն երկու խոշոր ռազմավարական սխալ՝ սխալ գնահատելով ուկրաինացիներին և սխալ գնահատելով մեզ
Ենս Ստոլտենբերգ. Պուտինը թույլ է տվել առնվազն երկու խոշոր ռազմավարական սխալ՝ սխալ գնահատելով ուկրաինացիներին և սխալ գնահատելով մեզ

Պուտինը թույլ է տվել առնվազն երկու խոշոր ռազմավարական սխալ: Նա սխալ է գնահատել ուկրաինացիներին, իսկ մեզ սխալ է գնահատել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստում։

Ըստ Ստոլտենբերգի՝ ԵՄ-ՆԱՏՕ հարաբերությունները միշտ էլ կարևոր են եղել, բայց ուկրաինական պատերազմն է՛լ ավելի կարևոր է դարձրել այն, քանի որ դա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենադաժան և լայնածավալ պատերազմն է։

«Իրականությունն այն է, որ նախագահ Պուտինն առնվազն երկու խոշոր ռազմավարական սխալ թույլ տվեց, երբ անցած տարի ներխուժեց Ուկրաինա: Առաջինն ու ամենակարևորն այն էր, որ նա ամբողջությամբ թերագնահատեց ուկրաինացի ժողովրդի, Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և Ուկրաինայի զինված ուժերի ուժը, հավատարմությունն ու խիզախությունը։ Մեկ այլ մեծ ռազմավարական սխալ, որը նա թույլ տվեց, այն էր, որ նա թերագնահատեց մեզ, մեր պատրաստակամությունը՝ աջակցելու Ուկրաինային քաղաքական և ռազմական տնտեսական պատժամիջոցներով, մեր հանձնառությունը՝ կանգնելու Ուկրաինայի կողքին», – ասել է Ենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային աննախադեպ է։ Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Արևմուտքի աջակցությունը ուկրաինացիներին տվել է հակահարձակման հնարավորություն, և կարևոր է, որ այդ աջակցությունը շարունակվի, քանի որ «դա կոշտ, դժվար մարտ է, բայց ուկրաինացիները կարողացել են ճեղքել պաշտպանական գծերը ռուսական ուժերից և առաջ են շարժվում»։

Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինան երբեք այնքան մոտ չի եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որքան հիմա։ Նրա խոսքով, դա հաստատվում է ՆԱՏՕ-ի և ուկրաինական ուժերի փոխհամատեղելիությամբ, ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի և անդամակցության գործողությունների ծրագրի պահանջի վերացումով, որպեսզի Ուկրաինան միանա դաշինքին։

Պատասխանելով հարցերին՝ Ստոլտենբերգն արձագանքել է նաև Ռումինիայի տարածքում անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հարցին։

«Մենք որևէ տեղեկություն չունենք, որը վկայում է այն մասին, որ դա Ռուսաստանի կողմից թիրախավորված հարձակում է եղել, և մենք սպասում ենք շարունակվող հետաքննության արդյունքներին», – ասել է Ստոլտենբերգը։