Ենս Ստոլտենբերգ. Մենք պարտավոր ենք ապահովել, որ հակամարտությունը չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ այն կլինի էլ ավելի վտանգավոր և կործանարար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ բավականին համոզիչ տեղեկություններ կան, որ Ուկրաինայի խաղաղ բնակչությունը կրակի տակ է, ինչը ռազմական հանցագործություն է և միանգամայն անընդունելի։
Այս մասին հայտարարել է Ենս Ստոլտենբերգը Ռիգայում Լատվիայի նախագահի հետ հանդիպումից հետո։
«Ուկրաինացի ժողովրդի և զինված ուժերի խիզախությունը հիացրել է ողջ աշխարհին, սակայն նախագահ Պուտինի հարձակումը շարունակվում է։ Շատ խաղաղ բնակիչներ զոհվեցին և վիրավորվեցին, երկու միլիոն մարդ լքեց Ուկրաինան: Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենաաճող փախստականների ճգնաժամն է: Բավականին համոզիչ տեղեկություններ կան, որ տարհանման ժամանակ խաղաղ բնակիչները գտնվում են մարտական կրակի տակ։ Քաղաքացիներին թիրախ դարձնելը ռազմական հանցագործություն է և միանգամայն անընդունելի։ Մեզ անհրաժեշտ են իրական հումանիտար միջանցքներ, որոնք լիովին պաշտպանված կլինեն։ Մենք ամիսներ շարունակ ասում էինք, որ նախագահ Պուտինը թանկ գին կվճարի Ուկրաինայում ագրեսիան վերսկսելու համար, և դա այն է, ինչ նա վճարում է հիմա»,- ասել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ դաշնակիցներն օգնում են Ուկրաինային պաշտպանելու իր հիմնարար իրավունքը, ինչը, ինչպես նշել է Ստոլտենբերգը, արտահայտվում է միլիարդավոր եվրոյի աջակցությամբ, սահմանների բացմամբ և փախստականներին աջակցությամբ։
«Տառապանքները, որոնք այժմ տեսնում ենք Ուկրաինայում, սարսափելի են։ Այն ազդում է բոլորիս վրա։ Մենք պարտավոր ենք ապահովել, որ հակամարտությունը չսրվի և չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ այն կլինի էլ ավելի վտանգավոր, կործանարար և մահացու։ Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մոսկվայում սխալ հաշվարկները կանխելու համար ՆԱՏՕ-ն զգալիորեն ուժեղացրել է իր ներկայությունը դաշինքի արեւելյան հատվածում։ Մենք ունենք բարձր պատրաստության վիճակում գտնվող 30 կործանիչներ, ավելի քան 200 նավ հյուսիսից մինչև Միջերկրական ծով և հազարավոր մարտիկներ՝ տեղակայված տարածաշրջանում: Մենք կպաշտպանենք դաշինքի յուրաքանչյուր սանտիմետրը»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։