Ենս Ստոլտենբերգ. Մադրիդյան գագաթնաժողովը վճռորոշ կլինի, մենք կպայմանավորվենք նոր ռազմավարական հայեցակարգի շուրջ, որը կլինի ՆԱՏՕ-ի ծրագիր ավելի վտանգավոր և անկանխատեսելի աշխարհում
Մենք կպայմանավորվենք Ուկրաինային օգնության համապարփակ փաթեթի շուրջ, որը կօգնի պաշտպանել նրա ինքնապաշտպանության իրավունքը, – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Ենս Ստոլտենբերգը, Մադրիդում շատ կարևոր գագաթնաժողով է անցկացվում։
«Մադրիդյան գագաթնաժողովը վճռորոշ գագաթնաժողով է լինելու։ Մենք պայմանավորվելու ենք նոր ռազմավարական հայեցակարգի շուրջ, որը ՆԱՏՕ-ի ծրագիրն է ավելի վտանգավոր և անկանխատեսելի աշխարհում։ Մենք կպայմանավորվենք զսպման և պաշտպանության ոլորտում հիմնարար վերափոխման շուրջ՝ ավելի զգոն ուժերով, ավելի շատ սարքավորումներով: Մենք կպայմանավորվենք Ուկրաինային օգնության համապարփակ փաթեթի շուրջ, որը կօգնի պաշտպանել նրանց ինքնապաշտպանության իրավունքը։ Հատկապես կարևոր է, որ մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, քանի որ Ուկրաինան բախվում է մի դաժանության, որը մենք չենք տեսել Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մենք նաև հույս ունենք, որ առաջընթաց կլինի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում։ Մենք նաև ասում ենք, որ ավելի վտանգավոր աշխարհում պաշտպանական կարողություններ ունենալու համար մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք մեր պաշտպանության ոլորտում», – ասել է Ստոլտենբերգը։