Ենս Ստոլտենբերգ. Դաշինքի 75-րդ գագաթնաժողովում կարևոր որոշումներ կկայացվեն զսպման և պաշտպանության հարցերի, Ուկրաինայի, գործընկերության ընդլայնման վերաբերյալ   
Ենս Ստոլտենբերգ. Դաշինքի 75-րդ գագաթնաժողովում կարևոր որոշումներ կկայացվեն զսպման և պաշտպանության հարցերի, Ուկրաինայի, գործընկերության ընդլայնման վերաբերյալ  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակից երկրների ղեկավարները և գործընկեր երկրների ներկայացուցիչները հանդիպում են Հյուսիսատլանտյան դաշինքի 75-ամյակի կապակցությամբ։

 

Նրա խոսքով, հոբելյանական գագաթնաժողովում կընդունվեն ապագայում զսպման ու պաշտպանության հարցերի, Ուկրաինայի, գործընկերության ընդլայնման, հատկապես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ կարևոր որոշումներ։

 

«Ուկրաինայի հարցում մենք ակնկալում ենք, որ դաշնակիցները կհամաձայնվեն էական փաթեթի շուրջ, որը ներառում է հինգ տարր՝ ՆԱՏՕ-ի մանդատ՝ Ուկրաինային անվտանգություն և ուսուցում ապահովելու համար, երկարաժամկետ պարտավորություն՝ շարունակելու մեր օգնությունն Ուկրաինային, նոր պարտավորություններ ռազմական աջակցության վերաբերյալ, այդ թվում՝ օդային պաշտպանական համակարգը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամները և Ուկրաինայի միջև փոխադարձ անվտանգության համաձայնագրերը։ Այս բոլոր քայլերը ամուր կամուրջ են Ուկրաինայի անդամակցության համար։

 

Ինչ վերաբերում է զսպմանն ու պաշտպանությանը, մենք կքննարկենք, թե ինչպես են մեր ուժերը համապատասխանում պաշտպանական հավակնոտ ծրագրերի պայմաններին։ Մենք կունենանք 500,000 զորք՝ վերջին տասնամյակների ընթացքում ամենաբարձր պատրաստության վիճակում: Կարևոր է նշել, որ դաշնակիցներն ավելացնում են իրենց պաշտպանական ծախսերը։

 

Այս տարի 23 դաշնակիցներ պաշտպանության վրա կծախսեն իրենց համախառն ներքին արդյունքի երկու տոկոսը։ Կհանդիպենք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից։

 

Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, թե որքանով է կապված մեր անվտանգությունը, քանի որ Իրանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը Ռուսաստանի գլխավոր աջակիցներն են Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է նա։