Ենս Ստոլտենբերգ. Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը և Մոլդովան այսօր գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոչված են օգնելու նրանց
Ենս Ստոլտենբերգ. Բոսնիա-Հերցեգովինան, Վրաստանը և Մոլդովան այսօր գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոչված են օգնելու նրանց

Մենք հատկապես ողջունում ենք մեր գործընկերներին՝ Բոսնիա-Հերցեգովինային, Վրաստանին և Մոլդովային, այսօր այդ գործընկերները գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոչված են օգնելու նրանց,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, այսօրվա հանդիպումը ցույց է տալիս այս դժվարին ժամանակներում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև ուժեղ և աճող համագործակցությունը:

«Մենք հատկապես ողջունում ենք մեր գործընկերներին՝ Բոսնիա-Հերցեգովինային, Վրաստանին և Մոլդովային։ Ուրախ եմ, որ բոլորդ այստեղ եք: Մեր հանդիպումը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև ուժեղ և աճող համագործակցությունը այս դժվարին ժամանակներում: ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել բոլոր երեք երկրներին, ներառյալ կարողությունների զարգացումը, բարեփոխումները և զորավարժությունները՝ ուղղված պաշտպանական և անվտանգության հաստատությունների ամրապնդմանը: Այսօր այդ գործընկերները գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոչված են օգնելու նրանց։ Այս հանդիպումը հնարավորություն է խոսելու մեր ընդհանուր անվտանգության խնդիրների մասին, հատկապես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող սեւծովյան տարածաշրջանում եւ Արեւմտյան Բալկաններում»,- ասել է Ստոլտենբերգը։